Հոդված 4
Հոդված 4
Հանձնման վերաբերյալ հարցումը պատրաստելը
Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և ուղեկցվի հետևյալ փաստաթղթերով.
1) հայցող իրավասու մարմնի անվանումը.
2) այն օրենքի հոդվածների և դրույթների տեքստը, որով կատարված արարքը հայցող Պայմանավորվող կողմը դիտում է որպես հանցագործություն, և դրա համար սահմանված համապատասխան պատիժը.
3) հանձնման ենթակա անձի անունը, ազգանունն ու քաղաքացիությունը և, եթե հնարավոր է, նրա հայրանունը, ծննդյան ամսաթիվը, մշտական բնակության վայրը, ինքնությունը հաստատող տվյալները, լուսանկարը, մատնահետքերը և այդ անձին նույնականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն.
4) այն հանցագործության մանրամասները, որի համար հանձնման հարցում է արվել, հանցագործության կատարման ժամանակը և վայրը, դրա իրավական նկարագիրը և օրենքի համապատասխան դրույթների քաղվածքները` այնքանով, որքանով հնարավոր է.
5) վերջնական դատավճռի հաստատված պատճենը, ձերբակալման կարգադրագիրը կամ դատական ծանուցագիրը կամ հավասարազոր որևէ այլ փաստաթուղթ, արդեն իսկ կրած պատիժը և մնացած ժամանակահատվածը և իրավասու մարմինների կողմից տրված հավաստագիրը պատճառված վնասի կամ կորուստների գումարի մասին, եթե այդպիսիք կան:
Եթե հայցվող Պայմանավորվող կողմը պահանջում է որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում այն դեպքում, երբ հանձնման ենթակա անձը ձերբակալված է, կամ նրա նկատմամբ կիրառվել են խափանման այլ միջոցներ, ապա հայցվող Պայմանավորվող կողմը կարող է հարցում անել մյուս Պայմանավորվող կողմին՝ տրամադրելու համար պահանջված տեղեկատվությունը կամ պարզաբանումը: Եթե նշված ժամանակահատվածում և ամենաշատը 30 օրվա ընթացքում լրացուցիչ տեղեկատվությունը կամ պարզաբանումը չի ստացվում, ապա հայցվող Պայմանավորվող կողմը ազատ է արձակում հանձնման ենթակա անձին: Այնուամենայնիվ, վերոշարադրյալը չի խոչընդոտի հետագայում տվյալ անձի կալանավորմանը լրացուցիչ տեղեկատվությունը կամ պարզաբանումը ստանալուց հետո: Հանձնման հարցումը պետք է պարունակի իրավասու մարմնի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը: