Հոդված 6
Հոդված 6
Ներդրումների երաշխիքներ
Կողմերը ձգտում են ստեղծել բարենպաստ պայմաններ Կողմերի երկրների գազային և էներգետիկ ճյուղերում փոխադարձ ներդրումների համար։
Հայկական Կողմը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և նրա դուստր կազմակերպությունների կողմից ներդրումների հետ կապված վճարումների անխափան փոխանցումը արտերկիր, մասնավորապես.
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և նրա դուստր կազմակերպությունների սկզբնական ներդրումների գումարները և ներդրումների պահպանման և ավելացման համար լրացուցիչ գումարները,
սույն Համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հարկային վճարումների վճարումից հետո եկամուտները, ներառյալ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպությունների գործունեությունից շահաբաժինները,
ներդրումներին վերաբերող փոխառությունների մարման նպատակով վճարվող գումարները,
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և նրա դուստր կազմակերպությունների կողմից ստացված գումարները, որոնք կապված են ներդրումների օբյեկտների մասնակի կամ լրիվ վերացման կամ վաճառքի հետ,
սույն հոդվածում նախատեսված փոխհատուցումը։
Հայաստանի Հանրապետության գազի ոլորտի հետագա զարգացման նպատակով Հայկական Կողմը երաշխավորում է.
սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փաթեթը «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության սեփականությանը անցնելուց հետո՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի որոշմամբ վերջինիս վերակազմակերպման՝ միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման, վերակազմավորման ձևով, ինչպես նաև կանոնադրական կապիտալի չափի փոփոխման ազատ իրականացման հետագա հնարավորությունը,
ուղղահայաց ինտեգրված ընկերությունների և/կամ ընկերությունների խմբի շրջանակներում գազի ոլորտում տարբեր տեսակի գործունեություններ համատեղելու իրավունքը, ներառյալ գազի արդյունահանումը, մայրուղային և/կամ բաշխիչ գազատարերով գազի փոխադրումը, պահեստարան գազի ներմղումը, պահեստավորումը և արտամղումը, սպառողներին գազի առաքումը, ինչպես նաև կազմակերպությունների կառավարման մարմիններում պաշտոնների համատեղումը,
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և/կամ նրա փոխկապակցված անձանց իրավունքը առաջադրելու Հայաստանի Հանրապետության տարածքում իրեն պատկանող մասնաբաժին ունեցող ձեռնարկությունների կառավարման մարմինների անդամներին՝ այդպիսի մասնաբաժնին համամասնորեն,
Հայկական Կողմը երաշխավորում է, որ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության ներդրումները և նրա եկամուտները (ներդրումների արդյունքում ստացվող գումարները, մասնավորապես, շահույթը, շահաբաժինները, տոկոսները, արտոնագրային և միջնորդական վարձատրությունները, ինչպես նաև ցանկացած այլ վարձատրությունները), ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը կամ նրա փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած գույքը օգտվում են Հայաստանի Հանրապետության լիակատար և անվերապահ պաշտպանությունից և չեն կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի, ինչպես նաև այլ միջոցների, որոնք իրենց հետևանքներով հավասարազոր են բռնագրավմանը, ազգայնացմանը կամ ռեկվիզիցիային։
Եթե սույն Համաձայնագրի պայմաններին հակառակ տեղի կունենա նման բռնագրավում, ազգայնացում, ռեկվիզիցիա կամ գույքից, իրավունքներից կամ շահերից այլ զրկում, ապա Հայկական կողմը պարտավորվում է անհապաղ հատուցել այդպիսի գույքի, իրավունքների կամ շահերի արժեքը ԱՄՆ դոլարով դրանց լրիվ շուկայական արժեքով, անկախ գնահատողի կողմից սահմանված, բայց ոչ պակաս, քան կատարված ներդրումների չափով, և պայմանով, որ գնահատումը իրականացվում է առանց բռնագրավման, ազգայնացման, ռեկվիզիցիայի կամ գույքից, իրավունքներից կամ շահերից այլ զրկման փաստը և այն բացասական հետևանքների, փաստը հաշվի առնելով, որոնք կարող են ազդեցություն ունենալ գույքի, իրավունքների կամ շահերի շուկայական արժեքի գնահատման վրա։
Նշված բռնագրավման, ազգայնացման, ռեկվիզիցիայի կամ գույքից, իրավունքներից կամ շահերից այլ զրկման հետ կապված արբիտրաժային քննություն սկսելու դեպքում, Հայկական Կողմը պարտավորվում է ենթարկվել արբիտրաժի իրավասությանը, որի քննմանն են փոխանցվելու սույն Համաձայնագրից բխող վեճերը։
Այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի գործողության ժամկետում Հայկական Կողմի գործողությունների արդյունքում չի կատարվում հետևյալ պայմաններից որևէ մեկը, Հայկական Կողմը պարտավորվում է «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության պահանջով հետ գնել սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի համապատասխան «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը նախկինում փոխանցված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը՝ 63 333 900 000 հայկական դրամին համարժեք ԱՄՆ դոլար գնով՝ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից վճարած բաժնետոմսերի փաթեթի արժեքի վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի պաշտոնական փոխարժեքով, ինչպես նաև հատուցել «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության բոլոր վնասները, որոնք կարող են ծագել նրա մոտ նման չկատարման հետևանքով.
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունից (կամ նրա փոխկապակցված անձից) գնվող գազի սպառումը բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում՝ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի երրորդ պարբերության պայմանի պահպանմամբ,
Սույն Համաձայնագրի ստորագրման պահին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող կամ վերջինիս կողմից վարձակալված անշարժ գույքի օբյեկտների տակ գտնվող հողամասերի օգտագործման պայմանների անփոփոխությունը հաշվի առնելով սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները,
Հայաստանի Հանրապետության սպառողների համար նախատեսված՝ Ռուսաստանի Դաշնության տարածքից առաքվող/տրվող գազի ներկրման «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բացառիկ իրավունքը,
սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով պարտավորությունների կատարումը,
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման հատուկ իրավունքների չօգտագործումը, որոնք կխախտեն և/կամ կոտնահարեն տնտեսական ընկերությունների մասին օրենսդրությանը համապատասխան «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերին տրամադրված իրավունքների ծավալը, ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կառավարմանը մասնակցելու հատուկ իրավունքի («ոսկե բաժնետոմսի») գործարկումը։