Հոդված 9
Հոդված 9
Վեճերի լուծումը
Որևէ Կողմի և մյուս Կողմի պետության տնտեսվարող սուբյեկտների միջև վեճերը, որոնք վերաբերում են սույն Համաձայնագրի կիրառմանը և դրանից բխող պարտավորությունների կատարմանը, լուծվում են բանակցությունների միջոցով։ Եթե 6 ամիսների ընթացքում այդ բանակցությունների արդյունքում վեճը չի լուծվում, ապա այդ վեճը ենթակա է լուծման ad hoc միջազգային արբիտրաժում՝ 2010թ. խմբագրության ՅՈԻՆՍԻՏՐԱԼ Արբիտրաժային կանոնակարգին համապատասխան։ Արբիտրաժային դատարանի նիստը կգումարվի ք.Ստոկհոլմում և կվարվի ռուսերեն լեզվով։ Արբիտրաժային վեճի վերաբերյալ դատարանի որոշումը կհամարվի վերջնական և պարտադիր համապատասխան Կողմի և տնտեսվարող սուբյեկտների համար։
Ընդ որում՝ Կողմերը, անկախ իրենց պետությունների օրենսդրությունների դրույթներից, ընդունում են սույն Համաձայնագրի կիրառմանը և դրանից բխող պարտավորությունների կատարմանը առնչվող որևէ Կողմի և մյուս Կողմի պետության տնտեսվարող սուբյեկտների միջև ցանկացած վեճը ինչպես վեճ առևտրային իրավահարաբերություններից՝ ըստ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և ի կատարման մասին Միավորված Ազգերի Կազմակերպության 1958 թվականի Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստի։
Սույն Համաձայնագրի մեկնաբանության և կիրառման վերաբերյալ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։
Եթե նման եղանակով վեճը չի կարգավորվում բանակցությունների մեկնարկի ամսաթվից վեց ամիսների ընթացքում, ապա ցանկացած Կողմի պահանջով այն փոխանցվում է այդ նպատակով միջնորդ դատարանի քննությանը.
Միջնորդ դատարանը ստեղծվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար, այդ նպատակով յուրաքանչյուր Կողմ նշանակում է միջնորդ դատարանի մեկական անդամի՝ միջնորդ դատարանի դիտարկման վերաբերյալ ծանուցման ստացման ամսաթվից երկու ամիսների ընթացքում։ Այնուհետև, դատարանի այդ երկու անդամները իրենց նշանակման ամսաթվից մեկ ամսվա ընթացքում ընտրում են երրորդ երկրի քաղաքացու, որը երկու Կողմերի համաձայնությամբ նշանակվում է միջնորդ դատարանի նախագահ։
Եթե սույն հոդվածի հինգերորդ պարբերությունում նշված ժամկետում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, ապա Կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության պարագայում ցանկացած Կողմ կարող է դիմել Միջազգային դատարանի նախագահին՝ այդ նշանակումները իրականացնելու խնդրանքով։ Եթե Միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Կողմերից մեկի երկրի քաղաքացին կամ ուրիշ այլ պատճառներով չի կարող կատարել նշված խնդրանքը, ապա անհրաժեշտ նշանակումների կատարումը առաջարկվում է Միջազգային դատարանի նախագահի տեղակալին։ Եթե Միջազգային դատարանի նախագահի տեղակալը նույնպես հանդիսանում է Կողմերից մեկի երկրի քաղաքացի կամ ուրիշ այլ պատճառներով չի կարող կատարել նշված խնդրանքը, ապա անհրաժեշտ նշանակումների կատարումը առաջարկվում է Միջազգային դատարանի ավագության առումով նրան հաջորդող անդամին, որը չի հանդիսանում Կողմերից ոչ մեկի երկրի քաղաքացի։
Միջնորդ դատարանը իր որոշումը ընդունում է ձայների մեծամասնությամբ։ Այդ որոշումը հանդիսանում է վերջնական և պարտադիր Կողմերի համար։ Յուրաքանչյուր Կողմ կրում է միջնորդ դատարանում իր կողմից նշանակված անդամի գործունեության և միջնորդ դատարանում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը։ Միջնորդ դատարանի նախագահի գործունեության հետ կապված, ինչպես նաև այլ ծախսերը Կողմերը կրում են հավասար չափով։ Սակայն, միջնորդ դատարանը իր որոշման մեջ կարող է նախատեսել, որ Կողմերից որևէ մեկը կրելու է ծախսերի մեծ մասը, և այդպիսի որոշումը պարտադիր կլինի երկու Կողմերի համար։
Միջնորդ դատարանը ինքնուրույն է սահմանում իր աշխատանքի կարգը։