Հոդված 87. Մաքսային արժեքի ճշգրտումը
Հոդված 87. Մաքսային արժեքի ճշգրտումը
1. Միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի հսկողության ժամանակ ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումն ընդունվում է ինչպես ապրանքները բաց թողնելուց առաջ, այնպես էլ հետո, եթե մաքսային մարմինները կամ հայտարարատուն հայտնաբերել են, որ հայտարարագրվել են ոչ հավաստի տեղեկություններ, այդ թվում՝ սխալ է ընտրվել ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը, և (կամ) սխալ է որոշվել ապրանքների մաքսային արժեքը։ Մաքսային արժեքի ճշգրտման մասին մաքսային մարմինների կայացրած որոշման մեջ պետք է նշվեն դրա հիմնավորումը և իրականացման ժամկետը։
2. Հայտարարագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշումը մաքսային արժեքի հսկողության ժամանակ մաքսային մարմինը ընդունում է մինչև ապրանքների բաց թողնումը՝ առանց լրացուցիչ ստուգման հետևյալ դեպքերում.
1) մաքսային հսկողության անցկացման գործընթացում մաքսային մարմին փաստացի ներկայացված տեղեկությունների և մաքսային արժեքի մեծության վրա ազդեցություն ունեցած՝ հայտարարագրված տեղեկությունների միջև անհամապատասխանության բացահայտման (որակական և առևտրային բնութագրեր, քանակ, առանձնահատկություններ, ծագում, արժեք և այլ տեղեկություններ).
2) հայտարարագրված մաքսային արժեքի մեծության և բաղադրիչների ու դրանց հաստատման համար ներկայացված փաստաթղթերի միջև անհամապատասխանության բացահայտման.
3) մաքսային արժեքի մեծության վրա ազդեցություն ունեցած սխալների բացահայտման (վրիպակներ, թվաբանական սխալներ, փոխարժեքի ոչ ճիշտ կիրառում և այլ սխալներ):
3. Ապրանքների բաց թողնումից հետո մաքսային արժեքի ճշգրտման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում հայտարարատուն իրականացնում է ոչ հավաստի տեղեկությունների ճշգրտում և մաքսային վճարները վճարում է՝ հաշվի առնելով ճշգրտված տվյալները` կոմիտեի սահմանած ձևով։
(87-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)