Հոդված 42. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 42. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ձերբակալված անձանց արգելանքից անհապաղ ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի պետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա, կամ երբ լրացել է ձերբակալման` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը:
Կալանավորված անձանց կալանքից անհապաղ ազատում է կալանավորվածներին պահելու վայրի պետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:
Օրենքով նախատեսված դեպքերում կալանավորված անձանց կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաև կալանավորվածներին պահելու վայրի պետը:
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին կալանքից ազատելիս կատարում է համապատասխան գրանցում դրա համար նախատեսված գրանցամատյաններում և անհատական քարտերում:
Արգելանքից ազատվող ձերբակալված անձին կամ կալանքից ազատվող կալանավորված անձին վերադարձվում են նրա անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում եղած դրամը, ինչպես նաև տրվում է տեղեկանք, որում նշվում են ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու ժամկետը, տարեթվերը, ամսաթվերը և արգելանքից կամ կալանքից ազատվելու հիմքերը: