Հոդված 32. Խորհրդարանական լսումները
Հոդված 32. Խորհրդարանական լսումները
1. Հանձնաժողովները իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:
2. Լսումների օրը, ժամը և անցկացման վայրը, ինչպես նաև զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:
3. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:
4. Լսումներն անցկացվում են դրանք կազմակերպող հանձնաժողովների կողմից հաստատված ընթացակարգով:
5. Լսումները վարում են դրանք կազմակերպող հանձնաժողովի նախագահները կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրանց տեղակալները, իսկ դրա անհնարինության դեպքում հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։
6. Լսումները կազմակերպող հանձնաժողովը կարող է նախապատրաստել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր (լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ և այլ տեղեկություններ), որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:
7. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով նախատեսված դեպքում խորհրդարանական լսումներն անցկացվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով:
(32-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, 08.04.10 ՀՕ-41-Ն, փոփ. 13.09.12 ՀՕ-174-Ն)