Հոդված 97.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների ընտրության կարգը
Հոդված 97.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների ընտրության կարգը
1. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 195-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
2. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների թեկնածուներ են առաջարկվում պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:
3. Հանձնաժողովն Ազգային ժողովին առաջարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների մեկական թեկնածու:
4. Դիմումով հանձնաժողովին կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների մեկական թեկնածու:
5. Դիմումները հանձնաժողովին են ներկայացվում նրա նախագահի տեղեկացմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
6. Դիմումին կցվում են թեկնածուի՝
ա) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն չունենալու կամ դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ տեղեկանքը,
գ) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
դ) աշխատանքային կամ մասնագիտական ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
ե) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ նման ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ՝ արական սեռի թեկնածուի դեպքում,
զ) կենսագրությունը,
է) վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը,
ը) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:
7. Դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ 10 օրվա ընթացքում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:
8. Ազգային ժողովին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների թեկնածուներ առաջարկելու մասին հարցերը քննարկվում են հանձնաժողովի դռնփակ նիստում, իսկ քվեարկությունները կատարվում են դռնբաց նիստում:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների ընտրության հարցերն առանց քվեարկության ընդգրկվում են հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում են արտահերթ:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով՝ առանձին, իսկ մյուս անդամների ընտրության հարցերը՝ համատեղ, հետևյալ տարբերությամբ՝
ա) մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուի, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ բոլոր թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովի որոշումը.
բ) մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ նույն տևողությամբ ելույթով հանդես են գալիս բոլոր թեկնածուները.
գ) ելույթներից հետո՝ հանձնաժողովի ներկայացուցչին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուին, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ յուրաքանչյուր թեկնածուի տրվում են հարցեր.
դ) մտքերի փոխանակություն.
ե) եզրափակիչ ելույթներով հանդես են գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, իսկ մյուս անդամների ընտրության դեպքում՝ բոլոր թեկնածուները և հանձնաժողովի ներկայացուցիչը.
զ) թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը:
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
12. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ անդամը չի ընտրվում, ապա այդ պաշտոնի վերաբերյալ հարցի քննարկումը համարվում է ավարտված, որից հետո՝ 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:
(97.1-ին հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-65-Ն)