Հոդված 61. Բաց քվեարկության անցկացման կարգը
Հոդված 61. Բաց քվեարկության անցկացման կարգը
1. Նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները, իսկ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում է նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։
2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:
3. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների կամ քարտուղարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:
4. Քվեարկությունն սկսվում է ազդանշանից հետո: Մինչև քվեարկության ավարտը նիստը վարողին դիմելն արգելվում է:
5. Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ կարող է սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» կամ «ե» ենթակետերով նախատեսված կարգով հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:
6. Քվեարկության ավարտից հետո լուսատախտակի վրա 10 վայրկյան պահպանվում են քվեարկության արդյունքները, որից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:
7. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին վարման կարգով ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր: Եթե պատգամավորի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:
8. Պատգամավորի քվեարկությունը՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չքվեարկելը, նիստը վարողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:
(61-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն)