Հոդված 97.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման կարգը
Հոդված 97.2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման կարգը
1. 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 195-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
2. Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
3. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:
4. Եզրակացությունում նշված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, իսկ որպես հարակից զեկուցող կարող է հանդես գալ եզրակացությունում նշված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը:
6. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
7. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 6-րդ կետում նշված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա համարվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը չի խախտել Սահմանադրության 195-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասի այն պայմանը, որը նշված է եզրակացությունում:
8. Եթե Ազգային ժողովի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, ապա քվեարկությունից հետո՝ 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:
(97.2-րդ հոդվածը լրաց. 25.05.16 ՀՕ-65-Ն)