Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 6.2

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 6.2.

Պատգամավորի շահերի բախումը

1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կամ Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

ա) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

բ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

գ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

դ) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը.

ե) պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ որպես թեկնածու իր ելույթի:

2. Սույն օրենքի իմաստով պատգամավորի հետ փոխկապակցված անձինք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք:

3. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է համապատասխան նիստում իր ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ ներկայացնելիս կամ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելիս՝ համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` ներկայացնելով շահերի բնույթը:

Պատգամավորն Ազգային ժողովի նիստում շահերի բախման վերաբերյալ իր հայտարարությամբ հանդես է գալիս սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված կարգով: Այդ դեպքում պատգամավորը կարող է նաև հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը, որից նրա բացակայությունը սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հիմքով համարվում է հարգելի:

4. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա հանդես է գալիս Ազգային ժողովի հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի անունից, կամ տվյալ գործողությունը`

ա) վերաբերում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը.

բ) ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա, այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

գ) վերաբերում է պատգամավորի` օրենքով նախատեսված վարձատրությանը, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը կամ արտոնություններին:

(6.2-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն, փոփ., լրաց. 25.05.16 ՀՕ-65-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։