Հոդված 79. Պետական բյուջեի նախագծի ներկայացման և քննարկման ժամկետները
Հոդված 79. Պետական բյուջեի նախագծի ներկայացման և քննարկման ժամկետները
1. Սահմանադրության 76-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով՝ մինչև բյուջեի հաստատումը:
2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը պաշտոնապես նաև էլեկտրոնային տարբերակով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:
3. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի նախագիծն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկությունների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույց, որը ներկայացված պետական բյուջեի նախագծի հետ ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ, Վերահսկիչ պալատ և Բյուջետային գրասենյակ: Ժամանակացույցն ուղարկվում է նաև Կառավարություն:
Պետական բյուջեի նախագիծն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Բյուջետային գրասենյակը պատրաստում և Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:
4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում:
(79-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն, փոփ., խմբ. 25.03.15 ՀՕ-17-Ն)