Հոդված 81. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը
Հոդված 81. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը
1. Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչև 90 րոպե ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքով նախագծում կատարված փոփոխությունները:
2. Մինչև 30-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝
ա) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.
բ) ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.
գ) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.
դ) ըստ ցանկության՝ մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:
3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն:
(81-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն)