Հոդված 34. Հաշվիչ հանձնախմբի ստեղծումը և նրա լիազորությունները
Հոդված 34. Հաշվիչ հանձնախմբի ստեղծումը և նրա լիազորությունները
1. Հաշվիչ հանձնախումբը ստեղծվում է նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում և քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
2. Հաշվիչ հանձնախմբի լիազորությունները պահպանվում են մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
3. Հաշվիչ հանձնախմբի առաջին կազմը, Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան, հաստատում է Ազգային ժողովի նիստը նախագահողը, իսկ հանձնախմբի կազմում փոփոխությունները՝ Ազգային ժողովի նախագահը:
4. Հաշվիչ հանձնախումբն իր կազմից ընտրում է հանձնախմբի նախագահ և քարտուղար:
5. Պաշտոնում ընտրվող կամ նշանակվող թեկնածուն, ինչպես նաև քվեարկության դրված հարցի հեղինակը մինչև համապատասխան քվեարկության արդյունքներն Ազգային ժողով ներկայացնելը չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին:
6. Հաշվիչ հանձնախումբը՝
1) կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.
2) Ազգային ժողովի նիստերի էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում գրանցում է պատգամավորներին, հաշվում է բաց քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայները, ինչպես նաև կազմակերպում է անվանական քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները:
7. Հաշվիչ հանձնախմբի նիստերը հրավիրում է հանձնախմբի նախագահը: Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնախմբի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և նիստը նախագահում է հանձնախմբի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ հանձնախմբի քարտուղարը կամ հանձնախմբի կողմից որոշված անդամը:
8. Գաղտնի կամ անվանական քվեարկության կազմակերպման, ինչպես նաև գաղտնի քվեարկության քվեաթերթիկն անվավեր ճանաչելու վերաբերյալ հաշվիչ հանձնախմբի որոշումներն ընդունվում են հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
9. Գաղտնի կամ անվանական քվեարկության արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնախմբի նախագահը և մյուս անդամները:
(34-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն)