Հոդված 5. Զինվորական ծառայության սկիզբը և ավարտը
Հոդված 5. Զինվորական ծառայության սկիզբը և ավարտը
1. Զինվորական ծառայության սկիզբ համարվում է՝
1) զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների համար՝ ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը.
2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիների համար՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար՝ տվյալ ռազմաուսումնական հաստատություններում սահմանված կարգով որպես կուրսանտ գրանցվելու օրը:
2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում՝
1) զորակոչի միջոցով զինծառայողների համար՝ ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ զորամասի անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
2) պայմանագրային զինծառայողների համար՝ պայմանագրի ժամկետը լրանալու կամ պայմանագրի գործողությունը դադարեցնելու օրը:
3. Զինծառայողը զորամասի կամ զինվորական կառավարման մարմնի անձնակազմի ցուցակներից հանվում է զինվորական ծառայության ավարտի օրը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Զինծառայողի ծառայությունն ավարտվում է նրան զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը՝ արձակվելու, զոհվելու (մահանալու), դատարանի կողմից անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու պատճառով:
Զորամասի անձնակազմի ցուցակներից հանվող զինծառայողն արձակվելու օրը լրիվ չափով ապահովվում է դրամական, նյութական բավարարությամբ, պարենի փոխհատուցմամբ: