Հոդված 52. Զինվորական ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող մարմինները, կարգը և երաշխիքները
Հոդված 52. Զինվորական ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող մարմինները, կարգը և երաշխիքները
1. Զինվորական ծառայությունից արձակվում են՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այլ զորքերի) ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմերը, ինչպես նաև բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոն չզբաղեցնող մյուս սպաներն ու զինծառայողները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանած կարգով:
2. Եթե առկա են պայմանագրային ծառայությունից արձակելու մեկից ավելի հիմքեր, զինծառայողն արձակվում է իր ընտրած հիմքով, բացառությամբ սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 4-5-րդ կետերով նախատեսված դեպքերի:
(պարբերությունը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
(պարբերությունը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
3. Զինծառայողին, որպես կանոն, արձակում են նրա զեկուցագրի հիման վրա, բացառությամբ, երբ արձակումն իրականացվում է առանց նրա հետ համաձայնեցնելու:
4. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայության փոխադրված զինծառայողը չի կարող վաղաժամկետ արձակվել մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ընդ որում, պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետների հաշվարկում պայմանագրային զինվորական ծառայության 2 ամիսը հաշվվում է պարտադիր մեկ ամիս:
5. Զինվորական ծառայության մեջ 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած սպաներին ու ենթասպաներին, անկախ ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք, բացառությամբ սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այլ զորքերի) բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողներին այդպիսի իրավունք վերապահում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորի սպաները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
6. Անհիմն դատապարտված և արդարացված զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով՝ արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:
7. Զինվորական ծառայությունից արձակվող զինծառայողը զորամասի անձնակազմի ցուցակներից հանվում է զինվորական ծառայության ավարտի օրը (վաղաժամկետ զորացրվողները՝ զինվորական ծառայության ավարտի օրվանից ոչ ուշ), բայց ոչ ուշ, քան արձակման հրամանի քաղվածքը զորամաս (զինվորական կառավարման մարմին) հասնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ զինծառայողն ստացիոնար բուժման մեջ է, հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար օրենքով նախատեսված արձակուրդում է (կին զինծառայողը), գերի (պատանդ) է կամ անհայտ կորած:
8. Հղի վիճակում, ինչպես նաև մինչև 3 տարեկան կամ մանկուց հաշմանդամ մինչև 18 տարեկան երեխա ունեցող կին զինծառայողին զինվորական ծառայությունից արձակել թույլատրվում է միայն սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով կամ իր ցանկությամբ:
Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար նախատեսված արձակուրդում գտնվող կին զինծառայողը չի հանվում զորամասի անձնակազմի ցուցակներից:
9. Զոհված (մահացած) զինծառայողը զորամասի անձնակազմի ցուցակներից հանվում է զոհվելու (մահանալու), իսկ անհայտ կորածը՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:
10. Ազատազրկման, ազատության սահմանափակման դատապարտված կամ զինվորական կոչումից զրկված զինծառայողն արձակվում է դատարանի դատավճռի հիման վրա՝ պատիժը կրելու սկիզբ նշված օրվանից:
Ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված (այդ թվում՝ դատավճռի կատարման հետաձգմամբ) կամ պատժի կրումից ազատված (այդ թվում՝ համաներում կիրառելու միջոցով) զինծառայողը կարող է շարունակել զինվորական ծառայությունը այն հրամանատարի (պետի) որոշմամբ, որին տրված է նրան արձակելու իրավունք:
(52-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց. 18.11.09 ՀՕ-214-Ն)