Հոդված 1
Հոդված 1
Տերմիններ և սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հետևյալ տերմինները և սահմանումները ունեն հետևյալ նշանակությունը.
«գաղտնիության դրոշմագիր»՝ գաղտնի տեղեկությունների կրիչիների և/կամ դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա դրված ռեկվիզիտ, որը վկայում է գաղտնի տեղեկությունների կրիչներում պարունակվող տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,
«պաշտոնատար անձինք»՝ յուրաքանչյուր Կողմի համար պաշտոններին համապատասխան քվոտաներով ամրագրված, Կողմերի կողմից ներկայացված, Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների կողմից հաստատված անձինք,
«գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն»՝ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համար ֆիզիկական անձի իրավունք կամ լիազոր մարմնի և գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ գործունեության իրականացման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մարմնի իրավունք՝ տրված սույն Համաձայնագրի մասնակից պետության ազգային օրենսդրությանը և Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ հաստատված՝ Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում գաղտնի տեղեկատվությունից օգտվելու կանոններին (այսուհետ` Կանոններ) համապատասխան,
«գաղտնի տեղեկատվության մատչելիություն»՝ գաղտնի տեղեկատվությանը սահմանված կարգով արտոնված ծանոթացում և/կամ գաղտնի տեղեկատվության հետ ֆիզիկական անձի աշխատանք,
«գաղտնի տեղեկատվության պաշտպանություն»՝ գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածումը արգելելու և կրիչների պահպանության նպատակով ձեռնարկվող՝ իրավական, վարչական, կազմակերպչական, ինժեներատեխնիկական և այլ միջոցներ,
«իրավասու մարմիններ»՝ Կողմերի մարմիններ, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար,
«գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածում»՝ գաղտնի տեղեկության հայտնում, փոխանցում, տրամադրում, առաքում, հրապարակում կամ ցանկացած այլ եղանակով դրա հետ ծանոթանալու իրավունք չստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց հասցնում կամ դրանց կրիչների կորուստ կամ հափշտակություն,
«գաղտնի տեղեկատվության կրիչներ»՝ նյութական օբյեկտներ, այդ թվում՝ ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկատվությունը գտնում է իր արտացոլանքը խորհրդանիշերի, կերպարների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացների տեսքով,
«Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններ»՝ Անկախ Պետությունների Համագործակցության 1993 թվական հունվարի 22-ի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն) և Անկախ Պետությունների Համագործակցության այլ փաստաթղթերով նախատեսված կարգով ստեղծված՝ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններ, որոնք իրականացնում են գործունեություն գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ,
«գաղտնի տեղեկատվության գաղտնազերծում»՝ գաղտնի տեղեկատվության տարածման սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ամբողջություն և դրանց կրիչներին հասանելիություն,
«գաղտնի տեղեկատվություն»՝ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ընթացքում ստացվող (փոխանցվող) և/կամ ստեղծված (ձևավորված)՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից ազգային օրենսդրությանը, իսկ ԱՊՀ մարմիններում` սույն Համաձայնագրին և Կանոններին համապատասխան պաշտպանվող, սույն Համաձայնագրի մասնակից պետություններից մեկի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ ցանկացած ձևով արտահայտված, որոնց չթույլատրված տարածումը կարող է վնասել Կողմերի շահերը և անվտանգությանը,
«գաղտնիության աստիճան»՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությամբ, իսկ ԱՊՀ մարմիններում` սույն Համաձայնագրով և Կանոններով հաստատված՝ տեղեկատվության չափանիշների սահմանազատում,
«լիազոր մարմիններ»՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների պետական մարմիններ և/կամ կազմակերպություններ, որոնք ունեն գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, լիազորված են փոխանցելու, ստանալու, պահպանելու, պաշտպանելու և օգտագործելու գաղտնի տեղեկատվությունը: