Հոդված 6
Հոդված 6
Իրավական օգնություն տրամադրելու մասին դիմումների մերժումը կամ հետաձգումը
1. Իրավական օգնությունը կարող է մերժվել, եթե.
ա) դիմումի կատարումը կարող է վնաս հասցնել Հայցվող կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ էական մյուս շահերին,
բ) դիմումի կատարումը հակասում է Հայցվող կողմի օրենքներին կամ չի համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին,
գ) դիմումը վերաբերում է այնպիսի հանցանքի, որի համար Հայցող կողմի երկրում սահմանված հետապնդումը չի համապատասխանում Հայցվող կողմի` կրկնակի դատապարտման վերաբերյալ օրենսդրությանը (ne bis in idem),
դ) դիմումը վերաբերում է ռազմական իրավունքի ներքո հանցագործության, որը ընդհանուր քրեական իրավունքով հանցագործություն չէ,
ե) էական հիմքեր կան` կարծելու, որ իրավական օգնության մասին դիմումը ներկայացվել է անձին քրեորեն հետապնդելու` ռասայական, գենդերային, կրոնական, քաղաքացիության, էթնիկ ծագման կամ քաղաքական համոզմունքների հիման վրա։
2. Բանկային գաղտնիքի կամ հարկային գործարքների հետ կապված հարցերով իրավական օգնության տրամադրումը կատարվում է Հայցվող կողմի ազգային օրենսդրության համապատասխան: Երկու Կողմերի տարածքներում կիրառվող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաներին համապատասխան` ահաբեկչության հանցագործությունների գործերով իրավական օգնության մասին դիմումը չի կարող մերժվել:
3. Հայցվող կողմը կարող է հետաձգել կամ մերժել իր տարածքում դիմումի կատարումը, եթե Կողմը համարում է, որ դիմումի կատարումը կարող է միջամտել կամ վնաս հասցնել քրեական գործով վարվող հետաքննությանը կամ դատավարությանը։
4. Նախքան դիմումի կատարումը հետաձգելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելը` Հայցվող կողմը քննարկում է, թե արդյո՞ք իրավական օգնություն կարելի է տրամադրել այնպիսի պայմաններով, որոնք նա անհրաժեշտ կհամարի։ Եթե Հայցող կողմն ընդունում է նման պայմաններով իրավական օգնությունը, ապա պարտավոր է համապատասխանել այդ պայմաններին։
5. Եթե Հայցվող կողմը որոշում է կայացնում իրավական օգնության տրամադրումը հետաձգելու կամ մերժելու մասին, ապա իր կենտրոնական մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնում է Հայցող կողմին` նշելով այդ որոշման պատճառները։