Հոդված 29. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
Հոդված 29. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից:
Խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ և տեղակալ: Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները սահմանվում են սույն օրենքի անցումային դրույթներում:
Խորհրդի նախագահը և անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով` հանրային հեռուստառադիոընկերության միջոցների հաշվին:
Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:
Խորհրդի անդամ չեն կարող լինել`
ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.
բ) օտարերկրյա քաղաքացիները.
գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.
դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք:
Խորհուրդը գործում է սույն օրենքի, իր կանոնադրության, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
Խորհուրդը կարող է լուծարվել սույն օրենքն ուժը կորցրած ճանաչվելու կամ օրենքում փոփոխություն կատարվելու դեպքում: