Հոդված 8
Հոդված 8
Թարգմանություն, վերարտադրում և ոչնչացում, Գաղտնիության աստիճանների փոփոխում և վերացում
1. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ/СТРОГО СЕКРЕТНО/TՕP SECRET» գաղտնիության աստիճանի գաղտնի տեղեկատվությունը պետք է թարգմանվի և/կամ վերարտադրվի միայն ծագման Կողմի գրավոր համաձայնությամբ։
2. Գաղտնի տեղեկատվության բոլոր թարգմանությունները պետք է արվեն միայն այն անձանց կողմից, որոնք ունեն գաղտնիության համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն։ Նման թարգմանությունները պետք է ունենան համարժեք գաղտնիության աստիճան` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն։
3. Գաղտնի տեղեկատվության վերարտադրման դեպքում սկզբնական անվտանգության բոլոր նշումները պետք է նույնպես դրվեն յուրաքանչյուր օրինակի վրա։ Վերարտադրված նման տեղեկատվությունը պետք է լինի այն նույն հսկողության տակ, որի տակ սկզբնական տեղեկատվությունն է։ Օրինակների քանակը պետք է սահմանափակվի` ըստ ծառայողական անհրաժեշտության։
4. Գաղտնի տեղեկատվությունը պետք է ոչնչացվի այնպիսի ձևով, որ կանխվի դրա ամբողջական կամ մասնակի վերականգնումը։
5. Ծագման Կողմը կարող է արգելել գաղտնի տեղեկատվության վերարտադրումը կամ ոչնչացումը՝ դրա վրա կատարելով հատուկ նշում կամ կցելով գրավոր ծանուցում։ Եթե գաղտնի տեղեկատվության ոչնչացումն արգելված է, այն պետք է վերադարձվի ծագման Կողմին:
6. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ/СТРОГО СЕКРЕТНО/TՕP SECRET» գաղտնիության աստիճանի գաղտնի տեղեկատվությունը ենթակա չէ ոչնչացման` բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերի։ Այն պետք է վերադարձվի ծագման Կողմին։
7. Ճգնաժամային իրավիճակների դեպքում, երբ սույն Համաձայնագրին համապատասխան ստեղծված և փոխանցված գաղտնի տեղեկատվությունն անհնար է պաշտպանել կամ վերադարձնել, այն պետք է անմիջապես ոչնչացվի։ Ստացող Կողմը հնարավորինս կարճ ժամկետում պետք է տեղեկացնի ծագման Կողմի իրավասու մարմնին գաղտնի տեղեկատվության ոչնչացման մասին։
8. Բոլոր թարգմանությունները պետք է ունենան նշում, որը ցույց կտա, որ դրանք պարունակում են ծագման Կողմի կողմից ստացված գաղտնի տեղեկատվություն:
9. Ստացող Կողմը չպետք է փոփոխի և/կամ վերացնի ստացված գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը` առանց ծագման Կողմի նախնական գրավոր թույլտվության: