Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները
Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները
1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ վերջին երեք տարին գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Վարչության պետ կամ վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, ով նշանակման պահին զբաղեցնում է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:
3. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբում պաշտոնի կարող է նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կամ պետական այլ մարմնում` սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պաշտոններին համապատասխանող խմբում պաշտոն զբաղեցնող և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացին:
4. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում, բացառությամբ հարկադիր կատարողի և տեսուչի պաշտոնների, կարող են նշանակվել այն հարկադիր կատարողները, ովքեր ունեն տվյալ պաշտոնի համար` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված նվազագույն կոչումից ոչ ցածր կոչում:
5. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` թափուր պաշտոնի համար նախատեսված նվազագույն կոչումով առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
6. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
7. Պաշտոնի նշանակվողներին շնորհվում է նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին (որակավորման դաս) համապատասխանող արդարադատության կոչում: Զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան (որակավորման դաս) չունեցող, ինչպես նաև տվյալ պաշտոնի համար սահմանված նվազագույն կոչումից ցածր կոչում ունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելուց 3 ամիս հետո շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված նվազագույն կոչումը: