Հոդված 9. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 9. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
1. Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով ունակ է կատարելու հարկադիր կատարողի պարտականությունները` անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հարկադիր կատարման ծառայությունում որպես հարկադիր կատարող ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.
5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: