Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը
Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին հատուկ քննչական ծառայության ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հատուկ քննչական ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:
Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հատուկ քննչական ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում ծառայողի վարձատրությունը պահպանվում է:
7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել մինչև քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: