Հոդված 21. Չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրումը
Հոդված 21. Չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրումը
1. Չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում են իրականացնում միայն սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Հավատարմագրումն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը սույն օրենքին և չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան (այսուհետ` հավատարմագրման չափանիշներ):
3. Հավատարմագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:
4. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հավատարմագրված լինելը հավաստվում է չափագիտության ազգային մարմնի տված հավատարմագրման վկայագրով:
5. Հավատարմագրման վկայագրի ձևը և գործողության ժամկետը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:
6. Հավատարմագրման վկայագրի առավելագույն ժամկետը սահմանվում է երկու տարի:
7. Հավատարմագրման նպատակով հայտատուն չափագիտության ազգային մարմին է ներկայացնում հայտ:
8. Հայտին կից երկու օրինակից ներկայացվում է`
1) հավատարմագրման ոլորտի նախագիծը.
2) հայտատուի տեխնիկական հագեցվածության, անձնակազմի, տարածքի վերաբերյալ, ինչպես նաև հայտատուի ցանկությամբ այլ տեղեկություններ.
3) հայտատուի պետական գրանցման վկայականի և կանոնադրության (եթե հայտատուն իրավաբանական անձ է) պատճենները:
9. Հայտն ընդունելուց հետո այն գրանցվում և դրան կից փաստաթղթերի հետ տասն օրվա ընթացքում ենթարկվում է փորձաքննության:
10. Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ դրանք չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա հայտը մերժվում է:
11. Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ դրանք համապատասխանում են սույն օրենքի պահանջներին, ապա չափագիտության ազգային ինստիտուտն ստեղծում է փորձագետներից և մասնագետներից կազմված հանձնաժողով՝ հայտատուի հավատարմագրման չափանիշներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար` ըստ հայտատուի գտնվելու վայրի:
12. Գնահատման հանձնաժողովից գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունն ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, չափագիտության ազգային ինստիտուտն ամփոփում է փաստաթղթերի փորձաքննության արդյունքներն ու գնահատման հանձնաժողովի հաշվետվությունը և ազգային մարմին է ներկայացնում եզրակացություն՝ հայտատուին հավատարմագրելու կամ հայտը մերժելու մասին:
13. Հայտատուին հավատարմագրելու և (կամ) հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը: Հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, չափագիտության ազգային մարմինը ձևակերպում, գրանցում է հավատարմագրման վկայագիրը հավատարմագրված անձանց գրանցամատյանում և հանձնում է հավատարմագրված իրավաբանական անձին:
14. Հայտատուն հավատարմագրված է համարվում հավատարմագրման վկայագրի գրանցման պահից:
15. Հավատարմագրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:
Պետական տուրքը չվճարելը կամ դրա վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք է հավատարմագրման վկայագրի գրանցումը մերժելու համար:
16. Հավատարմագրման վկայագրի հետ հավատարմագրված անձին է հանձնվում հավատարմագրման նպատակով նրա ներկայացրած փաստաթղթերի մեկ օրինակը: