Հոդված 17. Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգը
Հոդված 17. Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգը
1. Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում այն չափման միջոցները, որոնց տեսակը հաստատված է:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք առանց տեսակի հաստատման սերտիֆիկատի այն չափման միջոցներն են ներմուծվում, որոնք՝
1) նախատեսված են օտարերկրյա պետությունների, միջազգային և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների օգտագործման համար.
2) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծված մինչև տասը միավոր այն չափման միջոցները, որոնք նախատեսված են երկարության, ջերմաստիճանի, ճնշման, լարման, հոսանքի մեծությունների չափման համար.
3) ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից և նախատեսված չեն փոխադարձ հաշվարկների, առևտրային գործունեության համար.
4) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք՝ ցուցահանդեսներում ցուցադրելու համար.
5) փորձարկվելու են միայն շահագործման կամ տեղադրման վայրում:
3. Հայաստանի Հանրապետություն չափման միջոցներ ներմուծող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը` հայտատուն, պարտավոր է չափագիտության ազգային ինստիտուտ ներկայացնել հայտ, որում նշվում է ներմուծման ենթակա չափման միջոցի քանակը և տեսակը։
4. Այն չափման միջոցների ներմուծումը, որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն շահագործման կամ տեղադրման վայրում, թույլատրվում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով՝ մեկամսյա ժամկետում այլ մաքսային ռեժիմով ձևակերպելու պայմանով:
5. Մաքսային հսկողության տակ գտնվող չափման միջոցների փորձարկումների համար մաքսային մարմինների և ներմուծող հայտատուի ներկայությամբ չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը կատարում է նմուշառում: Նմուշների ընտրությունը ձևակերպվում է նմուշառման ակտով:
6. Նախկինում տեսակը հաստատված չափման միջոցների ներմուծման համար կատարվում է նույնականացում և տրվում է տեղեկանք՝ չափման միջոցի տեսակը հաստատված լինելու կամ տեղադրման վայրում տեսակի հաստատման մասին:
7. Եթե չափման միջոցի տեսակը հաստատված չէ, ապա չափագիտության ազգային ինստիտուտը երկօրյա ժամկետում իրականացնում է չափման միջոցների տեսակի հաստատման պետական փորձարկումներ՝ սույն օրենքով սահմանված կարգով։