Հոդված 28. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Հոդված 28. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
1. Լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել ապահովագրական գործունեություն իրականացնողների` առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները, ինչպես նաև շահադիտական նպատակներով օգտագործել դրանք:
2. Լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք կարող են, իսկ օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են հայտնել ծառայողական կամ ապահովագրական գործունեություն իրականացնողների` առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները`
ա) օրենքով սահմանված իր պարտավորությունների կատարման, ինչպես նաև դատարանի որոշման դեպքում.
բ) լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձանց շահերը դատավարության կամ այլ վարույթի ընթացքում պաշտպանելու դեպքում:
Սույն մասով նախատեսված դեպքերում ծառայողական կամ առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները ձեռք բերած մարմիններն իրավունք չունեն այդ տեղեկությունները որևէ կերպ տարածել և կարող են տրամադրված տեղեկություններն օգտագործել միայն նախապես սահմանված նպատակների համար:
3. Սույն օրենքի իմաստով ծառայողական գաղտնիք է համարվում լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձանց` իրենց պարտականությունները կատարելու ընթացքում հայտնի դարձած ապահովագրական գործունեություն իրականացնողներին վերաբերող առևտրային գաղտնիքը, բացառությամբ հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների:
4. Լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը և դրանց օգտագործման սահմանափակումները:
5. Ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման և դրա հետևանքով ապահովագրական գործունեություն իրականացնողներին և այլ անձանց պատճառած վնասի համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով: