Հոդված 32. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
Հոդված 32. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
1. Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը չի ներկայացվել լիազորված պետական կառավարման մարմին` համաձայն սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի.
բ) հայտատուի կողմից լիցենզիա ստանալու համար լիազորված պետական կառավարման մարմին ներկայացված հայտին չեն կցվել սույն օրենքով և ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման կարգով պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը.
գ) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություն.
դ) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ներկայացված սակագները հիմնավորված չեն.
ե) հայտատուի կողմից պահպանված չեն ապահովագրողների համար օրենսդրությամբ սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային չափերը.
զ) հայտատուի հիմնադիրների կամ ղեկավարների մասով չեն պահպանվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները.
է) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ներկայացված ապահովագրության վկայագրերում չի պարունակվում օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությունը կամ դրանցում պարունակվում են օրենսդրությանը հակասող դրույթներ.
ը) պարզվել է, որ հայտատուի կամ հայտատուի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող հիմնադիր-իրավաբանական անձի զուտ ակտիվների մեծությունն իր կանոնադրական կապիտալից փոքր է.
թ) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ցուցանիշները հիմնավորված չեն օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացված հաշվարկներով, կամ նախատեսված ցուցանիշները հետագա գործունեության ընթացքում կարող են հիմք հանդիսանալ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ընկերության նկատմամբ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար.
ժ) օրենքով կամ ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:
2. Լիցենզիա ստանալու հայտը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահումով բավարարելու մասին լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան որոշումն ստանալու պահից 15 օրվա ընթացքում հայտատուն պարտավոր է վերացնել առկա թերությունները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմին: Այդ ժամկետում թերությունները չվերացնելու կամ ամբողջությամբ չվերացնելու, կամ համապատասխան փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմին չներկայացնելու դեպքում լիցենզիա ստանալու հայտը համարվում է մերժված: