Հոդված 294. Լիազորված տնտեսական օպերատորի ընդգրկման համակարգը և հաշվետվությունները ներկայացնելու կարգը
Հոդված 294. Լիազորված տնտեսական օպերատորի ընդգրկման համակարգը և հաշվետվությունները ներկայացնելու կարգը
1. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է իր կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքների համար կատարել առանձնացված հաշվառում՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մաքսային հսկողության ենթակա ապրանքների և դրանց շարժի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ ձևավորված հաշվապահական և հարկային հաշվառում:
2. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ՝ ներառյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը, մաքսային մարմիններ ներկայացնել հաշվետվություն՝ հատուկ պարզեցումներով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ:
3. Հատուկ պարզեցումներով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու ամսաթվի, դրանց նկատմամբ կիրառված հատուկ պարզեցումների, մաքսային հայտարարագրի համարի, ԱՏԳ ԱԱ ծածկագրի, ապրանքի զուտ և համախառն քաշի, մաքսային արժեքի, մաքսային ձևակերպման արդյունքով հաշվարկված մաքսային վճարների վերաբերյալ, ինչպես նաև այն անձի վերաբերյալ, որի անունից արվում են մաքսային ձևակերպումները, ինչպես նաև մաքսային հսկողության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
4. Հաշվետվությունները մաքսային մարմիններ են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ (էլեկտրոնային եղանակի դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ):
5. Հաշվետվությունները չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու կամ ժամանակին, սակայն ոչ հավաստի տեղեկություններով ներկայացնելու դեպքերում լիազորված տնտեսական օպերատորը պատասխանատվություն է կրում սույն օրենքով սահմանված կարգով:
6. Լիազորված տնտեսական օպերատորի՝ սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացրած հաշվետվության ձևը սահմանում է Կոմիտեն: