Հոդված 9. Մաքսային մարմիններ նախնական տեղեկատվություն ներկայացնելը
Հոդված 9. Մաքսային մարմիններ նախնական տեղեկատվություն ներկայացնելը
1. Մաքսային մարմիններ նախնական տեղեկատվություն ներկայացնելու նպատակները, կազմը և դեպքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններ նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև անգլերեն:
3. Այն դեպքում, երբ ապրանքների ներմուծման պահին մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերում առկա չէ Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կազմով պարտադիր ներկայացվող նախնական տեղեկատվությունը, մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային հսկողություն՝ Միության մաքսային օրենսգրքի 44-րդ գլխին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված մաքսային հսկողության ձևերով և 46-րդ գլխով սահմանված մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցներով:
4. Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 15-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան՝ մաքսային մարմիններ նախնական տեղեկատվություն կարող է չներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատվածների հետ ամբողջությամբ կամ մասնակի համընկնող սահմաններ ունեցող ազատ տնտեսական գոտի ներմուծվող ապրանքների, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ստեղծված ազատ տնտեսական գոտի ներմուծվող ապրանքների համար:
5. Միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածին համապատասխան՝ նախքան ապրանքների ժամանումը նախնական մաքսային հայտարարագրման դեպքում որպես նախնական տեղեկատվություն օգտագործվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական մաքսային հայտարարագրում արտացոլված տեղեկությունները, եթե նշված նախնական մաքսային հայտարարագիրը պարունակում է Միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը: