Հոդված 85. Ապրանքների պարբերական հայտարարագրումը
Հոդված 85. Ապրանքների պարբերական հայտարարագրումը
1. Ապրանքների պարբերական մաքսային հայտարարագրումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան:
2. Մաքսային նպատակների համար որպես մեկ խմբաքանակ դիտվում են՝
1) Միության տարածքից արտահանման դեպքում` արտաքին տնտեսական մեկ պայմանագրի շրջանակում նույն պետական սահմանի անցման կետով և նույն մաքսային մարմնում ձևակերպվող՝ մեկ անձի կողմից կատարվող մատակարարումները` անկախ առանձին մատակարարումների քանակից.
2) Միության տարածք ներմուծման դեպքում` արտաքին տնտեսական մեկ պայմանագրի շրջանակում նույն մաքսային մարմնում ձևակերպվող նույն ապրանքները` անկախ առանձին մատակարարումների քանակից:
3. Պարբերական մաքսային հայտարարագիրը ներկայացնելու դեպքում գործում են հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող նորմատիվ իրավական ակտերը:
4. Մաքսային մարմինը պարբերական հայտարարագրով նախատեսված յուրաքանչյուր մատակարարման ժամանակ կատարում է ապրանքների հաշվառում և մաքսային հսկողություն մինչև պարբերական հայտարարագրի ժամկետի ավարտը:
5. Մաքսային մարմինը մերժում է պարբերական հայտարարագրի գրանցումը, եթե՝
1) չեն պահպանվել Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով պարբերական հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված պահանջները.
2) հայտարարատուն ունի մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով չմարված պարտավորություններ.
3) անձը սնանկ է ճանաչվել:
6. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների կատեգորիաները, որոնց նկատմամբ չի կիրառվում պարբերական մաքսային հայտարարագրում:
7. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ, որոնց պահպանման պարագայում կիրառվում է պարբերական մաքսային հայտարարագրում:
8. Միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել պարբերական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության առանձնահատկությունները: