Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք չունեն տարբերակող հատկություն կամ բաղկացած են միայն այնպիսի տարրերից, որոնք`
ա) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.
բ) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշեր և տերմիններ են.
գ) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը.
դ) բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը`
- բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկությունից).
- անհրաժեշտ է որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար և բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը).
- ապրանքին տալիս է էական արժեք:
Սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում դրա գերիշխող մասը:
Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում այն նշանների վրա, որոնք օգտագործման հետևանքով ձեռք են բերել տարբերակող հատկություն:».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ`
«1.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք վերարտադրում են պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ են կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ: Այդպիսի նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ` դրանց սեփականատերերի կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ:».
3) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք`
ա) հակասում են հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորույթներին).
բ) անհարիր են ազգային և հոգևոր արժեքներին:»: