Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող և ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:
Զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմված և ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:
2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը տեղադրում է Ինտերնետում:
3. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լիազոր մարմնից կամ նրա ստորաբաժանումներից դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, ստանալու համապատասխան համայնքի, իսկ ընտրությունների դեպքում՝ նաև տեղամասի ընտրողների ցուցակները՝ էլեկտրոնային կրիչներով կամ թղթային տարբերակով` համապատասխան վճարով:
4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակների մեկ օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
5. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաև տեղեկանք՝ այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:
6. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:
7. Զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակները քվեարկությունից 10 օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:
8. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանումը ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, քվեարկության տեղի և ժամանակի մասին: