Հոդված 40.2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը
Հոդված 40.2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը
1. Թեկնածուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամը և տվյալ տեղամասում գրանցված վստահված անձն իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու այդ տեղամասում քվեարկության արդյունքները` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում:
2. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը դիմումատուն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում է անձամբ` ներկայացնելով նաև անձը հաստատող փաստաթուղթ, վստահված անձի դեպքում` նաև վստահված անձի վկայականը:
3. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրը և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել:
4. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի պահանջի մասին դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի մասին ներկայացրել է հատուկ կարծիք:
5. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի համար ներկայացվում է առանձին դիմում:
6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի պահանջի մասին դիմումները գրառում է գործավարության մատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:
7. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընդունվում և սահմանված կարգով գործավարության մատյանում գրառվում են քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն: Վերահաշվարկի աշխատանքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում սկսվում են քվեարկությունից երկու օր հետո` ժամը 9.00-ից: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, եթե հանձնաժողովը աշխատաժամանակը երկարաձգելու մասին որոշում չի ընդունում:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնում է ըստ վերահաշվարկի պահանջի մասին դիմումների մուտքագրման հերթականության՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
9. Յուրաքանչյուր ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել 5 աշխատանքային ժամը:
10. Վերահաշվարկի արդյունքներով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն: Հանձնաժողովի անդամների, դիտորդների, վստահված անձանց պահանջով նրանց տրամադրվում են ամփոփիչ արձանագրությունների պատճենները:
11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին սույն օրենսգրքով ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:
12. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դադարեցվում են քվեարկության օրվանից հինգ օր հետո՝ ժամը 14.00-ին:
13. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի պահանջների խախտումով:»: