Հոդված 24. Օրենսգրքի 35-րդ հոդվածում`
Հոդված 24. Օրենսգրքի 35-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`
1) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից:
Եթե մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետում, սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը.
2) Հանրապետության Նախագահի նշանակած մեկ անդամից.
3) գործող Ազգային ժողովի առաջին նստաշրջանի դրությամբ հայտարարված պատգամավորական խմբի որոշմամբ նշանակված մեկ անդամից: Սույն օրենքի ընդունմանը հաջորդող Ազգային ժողովի ընտրությունից հետո, ինչպես նաև Ազգային ժողովում գործող պատգամավորական խմբի լուծարման դեպքում սույն ենթակետով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու լիազորությունը անցնում է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին` Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կազմից.
4) վճռաբեկ դատարանի նշանակած վճռաբեկ դատարանի մեկ դատավորից:».
բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմիններին կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտի ժամկետի մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է նորընտիր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո` վաթսուներորդ օրը:
Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման վերջին օրը, սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը` վճռաբեկ դատարանի դատավորների թվից:».
գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:»: