Անցնել բովանդակությանը

Հոդված 60. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

գործել է մինչև 2011-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 60. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը, դուրս հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովը՝

1) հաշվարկում է չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է քվեաթերթիկները, փաթեթավորում և կնքում է փաթեթը.

2) ըստ հերթական համարների` դասավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և հաշվարկում դրանց թիվը, ապա փաթեթավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և կնքում փաթեթը.

3) ընտրողների ցուցակների, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը.

4) ընտրողների ցուցակներում, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած ընտրողների (քվեարկության մասնակիցների) թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները և կնքում փաթեթը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում:

Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում քվեաթերթիկի չսահմանված նմուշի վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում՝ նաև թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն։ Առարկության դեպքում՝ քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) օգտին, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ: Անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկները դրվում են համապատասխանաբար անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գործավարության մատյանում:

4. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում։

5. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները` կնքվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։