Հոդված 14. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 14. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
1. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի).
2) տիրապետում է հայերենին.
3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները:
Քրեակատարողական ծառայությունում միջին և կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և քրեակատարողական ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մինչև պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
4. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.
5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: