Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի իրավունքները
Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի իրավունքները
1. Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`
1) հաշվառվելու նպատակով դիմելու Ծառայություն.
2) Ծառայությունից ստանալու զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.
3) ստանալու տեղեկություններ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.
4) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության.
5) մասնագիտական կողմնորոշման.
6) Ծառայության պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման.
7) ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, ուղղություններով և կարգով:
2. Գործազուրկը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում հետևյալ ուղղություններով.
1) մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար.
2) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցություն.
3) գործատուի կողմից Ծառայություն ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.
4) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն.
5) աշխատանքի տեղավորման դեպքում՝ միանվագ փոխհատուցում գործատուին:
3. Հաշմանդամություն ունեցող գործազուրկը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքներից բացի`
1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.
2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում:
4.1. Ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև վեց ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Ծառայության կողմից, իրավունք ունեն ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում:
4.2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Աշխատանք փնտրող անձին Ծառայության կողմից տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար:
(21-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-228-Ն, 06.12.17 ՀՕ-225-Ն, 02.06.20 ՀՕ-286-Ն, փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն, փոփ., լրաց. 24.10.24 ՀՕ-417-Ն)