Հոդված 13. Կրթության պետական տեսուչների իրավասությունները
Հոդված 13. Կրթության պետական տեսուչների իրավասությունները
1. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը`
1) ղեկավարում է կրթության պետական տեսչության գործունեությունը.
2) իր իրավասությունների սահմաններում ստուգվող սուբյեկտներին տալիս է կատարման համար պարտադիր հանձնարարականներ.
3) տեսչության աշխատանքային ծրագրի հիման վրա հաստատում է ստուգումների ժամանակացույցը.
4) տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր.
5) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչը`
1) ղեկավարում է համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմնի գործունեությունը.
2) իր իրավասության շրջանակներում տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր.
3) կազմում է համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմնի աշխատանքային ծրագիրը և ստուգումների ժամանակացույցը.
4) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչն իրավունք ունի՝
1) ստուգվող սուբյեկտներում իրականացնելու կրթության մասին օրենսդրության պահանջների կատարման վերաբերյալ ստուգումներ.
2) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում ստուգվող սուբյեկտներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ, վերցնելու փաստաթղթերի կրկնօրինակներ, այլ անհրաժեշտ նյութեր և կազմելու համապատասխան ակտ.
3) անհրաժեշտության դեպքում վերահսկողական աշխատանքներին ներգրավելու անկախ փորձագետների և մասնագետների.
4) արձանագրելու խախտումները, օրենքով սահմանված կարգով ստուգվող սուբյեկտներին տալու պարտադիր կատարման համար հանձնարարականներ:
4. Կրթության պետական տեսուչներն ունեն միասնական նմուշի վկայական, ինչպես նաև անձնական կնիք՝ իրենց անվան նշումով և տեսչության համապատասխան տարածքային մարմնի անվանումով: