Հոդված 1. Օգնության դիմումներ և համաձայնագրեր
Հոդված 1. Օգնության դիմումներ և համաձայնագրեր
1. Կառավարությունը կարող է դիմել Համաշխարհային պարենի ծրագրին պարենային օգնության խնդրանքով` տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի աջակցության կամ բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած պարենի արտակարգ կարիքները բավարարելու համար:
2. Կառավարությունն օգնության ցանկացած դիմում սովորաբար ներկայացնում է Համաշխարհային պարենի ծրագրի նշած ձևով` Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային պարենի ծրագրի ներկայացուցչի միջոցով:
3. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի անհրաժեշտ հնարավորություններ և համապատասխան տեղեկատվություն` Կառավարության օգնության դիմումը գնահատելու համար:
4. Ի հաստատումն օգնության դիմումի, Համաշխարհային պարենի ծրագիրը Կառավարությանը կտրամադրի նման օգնության համար մանրամասն Գործողությունների ծրագիր կամ Գրավոր համաձայնություն (Զարգացման ծրագրերի, Տևական օգնության ու վերականգնման գործողությունների կամ արտակարգ օգնության գործողությունների վերաբերյալ):
5. Գործողությունների յուրաքանչյուր ծրագիր կամ Գրավոր համաձայնություն կսահմանի այն պայմաններն ու ժամկետները, որոնց համաձայն Կառավարությունը և Համաշխարհային պարենի ծրագիրը` յուրաքանչյուրը իր պարտականությունների մասով, իրականացնելու են ծրագիրը: Սույն Հիմնական համաձայնագրի հիման վրա կնքվող Գործողությունների ցանկացած ծրագիր կամ Գրավոր համաձայնություն կարգավորվում է սույն Հիմնական համաձայնագրի դրույթներով:
6. Նման համաձայնությունները (Գործողությունների ծրագրեր և Գրավոր համաձայնություններ) կերաշխավորեն ծրագրի և ծրագրային գործողությունների բոլոր փուլերը վերահսկելու ՀՊԾ-ի իրավունքը, սկսած ապրանքները երկիր հասցնելուց մինչև դրանց վերջնական օգտագործումը: Կառավարության կողմից սույն Հիմնական համաձայնագրով կամ դրա հիման վրա կնքված որևէ այլ համաձայնագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու դեպքում, Համաշխարհային պարենի ծրագիրը կարող է կասեցնել կամ դադարեցնել օգնության տրամադրումը: