Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Հեռահաղորդակցություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Հեռահաղորդակցություն

1. Իր պաշտոնական հաղորդակցության ու հեռահաղորդակցության համար Համաշխարհային պարենի ծրագրին կցուցաբերվի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն, ինչ Կառավարության կողմից ցուցաբերվում է կառավարություններին, այդ թվում` դրանց դիվանագիտական ներկայացուցչություններին կամ այլ միջկառավարական և միջազգային կազմակերպություններին` փոստի, հեռագրի, գրավոր ու պատկերային տեսքով ազդանշանների փոխանցման, հեռախոսի, հաղորդալարով փոխանցման, ռադիոյով տեղեկատվության փոխանցման և հեռահաղորդակցության այլ միջոցների առաջնայնությունների, սակագների և գանձումների հարցով:

2. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի արտոնագրեր ու հաճախականություններ` իր գործառնական բաժինների հետ մշտական ռադիոհաղորդակցային կապ պահպանելու համար, անկախ դրանց գտնվելու վայրից:

3. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի հաղորդակցային բոլոր անհրաժեշտ սարքավորումները ներկրելու իրավունք առանց մաքսային ծառայության կողմից ուշացվելու, բռնագրավվելու կամ հարկման:

4. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի վերոհիշյալ սարքավորումներն իր գրասենյակներում և ավտոմեքենաներում տեղադրելու, օգտագործելու և ձեռքի հաղորդակցության սարքեր կրելու իրավունք:

5. Կառավարությունը կապահովի Համաշխարհային պարենի ծրագրի հաղորդակցության և գրագրության անձեռնմխելիությունը: Նույն անձեռնմխելիությունը առանց սահմանափակման վերաբերում է ՀՊԾ-ի տպագիր նյութերին, լուսանկարներին, սլայդներին, կինոժապավեններին և ձայներիզներին:

6. Համաշխարհային պարենի ծրագիրն իրավունք ունի գործածել կոդեր, առաքել և ստանալ փոստ և այլ նյութեր սուրհանդակի միջոցով կամ կնքված ծրարներով, որոնք կօգտվեն նույն արտոնություններից ու անձեռնմխելիությունից, ինչ դիվանագիտական սուրհանդակները կամ ծրարները:

7. Կառավարությունը Համաշխարհային պարենի ծրագրին կտրամադրի բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու արտոնագրերը սույն Համաձայնագրով նախատեսված մատակարարումների, սարքավորումների և այլ նյութերի ներկրման համար և կապահովի, որ այդ բոլոր մատակարարումները, սարքավորումները և այլ նյութերը ներկրվեն առանց ավելորդ ուշացումների կամ սահմանափակման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։