Հոդված 24. Հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմինը
Հոդված 24. Հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմինը
1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է ունենալ ներքին դիտարկումների մարմին:
2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է համապատասխանեն լիազոր մարմնի սահմանած մասնագիտական համապատասխանության չափանիշներին:
3. Ներքին դիտարկումների մարմինը վերջնական որոշում է կայացնում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կասեցնելու, իրականացումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու վերաբերյալ, ինչպես նաև ապահովում է լիազոր մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների տրամադրումը, հաշվետվություն տրամադրող անձի կողմից սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների կատարումը:
4. Ներքին դիտարկումների մարմնին պետք է ուղղակիորեն և անմիջապես հասանելի լինեն հաշվետվություն տրամադրող անձի կողմից ձեռք բերվող ու պահպանվող՝ սույն օրենքով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը):
5. Ներքին դիտարկումների մարմինը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան կիսամյակը մեկ անգամ ուսումնասիրում է հաշվետվություն տրամադրող անձի կատարած գործարքների և հաստատած գործարար հարաբերությունների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը սույն օրենքին և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերին: Ուսումնասիրության արդյունքների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված այլ հարցերի վերաբերյալ ներքին դիտարկումների մարմինը հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմնի սահմանած` հաշվետվություն տրամադրող անձի իրավասու մարմնին (բանկերում՝ խորհրդին):
6. Ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված գործառույթներն իրականացնելիս անկախ է և պետք է ունենա հաշվետվություն տրամադրող անձի ավագ ղեկավարության կարգավիճակ:
7. Ներքին դիտարկումների մարմինը պետք է իրավունք ունենա լիազոր մարմնի սահմանած` հաշվետվություն տրամադրող անձի իրավասու մարմնին (բանկերի դեպքում՝ խորհրդին) անմիջականորեն ներկայացնելու հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ծագած խնդիրները, ինչպես նաև մասնակցելու այդ մարմնի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն առնչվող հարցերի քննարկմանը:
(24-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-139-Ն, խմբ. 03.07.25 ՀՕ-261-Ն)
(03.07.25 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)