Հոդված 2. Սահմանումներ
Հոդված 2. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «բեռների ինտերմոդալ փոխադրում» տերմինը նշանակում է բեռների փոխադրում միևնույն բեռնատար միավորով, վագոնով կամ փոխադրամիջոցով, որը հաջորդաբար իրականացվում է տարբեր տրանսպորտային միջոցներով` վերջիններիս փոփոխման դեպքում առանց բեռների վերադասավորման,
2. «բեռների միջազգային համակցված փոխադրում» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի միջև բեռների ինտերմոդալ փոխադրում, որը կատարվում է հիմնականում երկաթուղով կամ ներքին ջրային ուղով կամ ծովով, իսկ փոխադրման սկզբնական և վերջնական հնարավորին չափ կարճ հատվածը` ավտոճանապարհով,
3. «ավտոտրանսպորտային փոխադրամիջոց» տերմինը նշանակում է մեխանիկական շարժիչով ցանկացած փոխադրամիջոց, որը ստեղծված է ու շահագործվում է բեռների փոխադրման համար և գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում: Ավտոտրանսպորտային միջոց է համարվում նաև բեռնատարից, քարշակից և կցասայլից կազմված ամբողջությունը, ընդ որում բեռնատարը և քարշակը պետք է գրանցված լինեն Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում,
4. «տրանսպորտային միավոր» տերմինը նշանակում է ավտոտրանսպորտային սարքավորում, որը կարող է լինել ավտոտրանսպորտային փոխադրամիջոց, առանց քարշակի կցասայլ կամ կիսակցասայլ, ինչպես նաև ինտերմոդալ տրանսպորտային միջոց,
5. «ինտերմոդալ տրանսպորտային միավոր» տերմինը նշանակում է յուրաքանչյուր բեռնարկղ, վագոն, փոխարինող թափք, որոնք կարող են օգտագործվել ինտերմոդալ փոխադրումների համար,
6. «փոխադրում դեպի ինտերմոդալ բեռնահամալիր (կամ ինտերմոդալ բեռնահամալիրից)» տերմինը նշանակում է տրանսպորտային միավորի փոխադրում Պայմանավորվող կողմերի սահմանային անցման կետից կամ բեռնման և բեռնաթափման կետից մինչև ինտերմոդալ բեռնահամալիր կամ ինտերմոդալ բեռնահամալիրից մինչև բեռնման և բեռնաթափման կետ կամ սահմանային անցման կետ,
7. «ինտերմոդալ բեռնահամալիր» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի երկաթգծի կայարանի կամ ներքին ջրային կամ ծովային նավահանգիստների այն վայրը, որտեղ տեղի է ունենում մոդալ փոփոխությունը,
8. «ուղեկցող փոխադրում» տերմինը նշանակում է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրում տրանսպորտային այլ միջոցներով (ոչ ավտոճանապարհային), որն ուղեկցվում է ավտոտրանսպորտային միջոցի վարորդի ներկայությամբ,
9. «չուղեկցվող փոխադրում» տերմինը նշանակում է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրումը տրանսպորտային այլ միջոցներով (ոչ ավտոճանապարհային), որը չի ուղեկցվում վարորդի ներկայությամբ,
10. «քվոտա» տերմինը նշանակում է ճանապարհային թույլտվությունների քանակ, առանց ճանապարհային հարկերի և սակագների վճարման, որը տրվում է Պայմանավորվող կողմերի միջև համակցված փոխադրումների համար,
11. «Պայմանավորվող կողմերի պետության տարածք» նշանակում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության տարածքը և Բուլղարիայի Հանրապետության տարածքը,
12. «Համատեղ հանձնաժողով» տերմինը նշանակում է Համատեղ հանձնաժողով, որը ստեղծվում է սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի համաձայն: