Հոդված 9. Համագործակցություն
Հոդված 9. Համագործակցություն
1. Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկաթուղային ադմինիստրացիաներին, որպեսզի դրանք համակցված փոխադրումների մեջ ներգրավված ավտոմոբիլային փոխադրումների ձեռնարկությունների և ծովային ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ մշակեն մրցութային առաջարկներ համակցված փոխադրումների համար` հատկապես շեշտը դնելով փոխադրման որակի վրա` գործառնությունների կատարման և առաքումների ժամկետների մեջ տեղավորվելու և դրանք նվազեցնելու նպատակով, որը կհանգեցնի տնտեսապես հարմար սակագների և բեռների համակցված ուղեկցվող փոխադրումների զարգացմանը:
2. Պայմանավորվող կողմերը կաշխատեն գտնել և կիրառել արդյունավետ միջոցներ, որպեսզի բեռների միջազգային փոխադրումների մեծ մասը կատարվի համակցված ձևով:
3. Պայմանավորվող կողմերը միմյանց պետք է տեղեկացնեն բեռների միջազգային համակցված փոխադրման ծառայությունների որակի և ստանդարտների բարելավմանն ուղղված միջոցառումների և կանոնների մասին:
4. Պայմանավորվող կողմերը կառաջարկեն իրենց երկաթուղային ադմինիստրացիաներին և ծովային ընկերություններին երկկողմանի համաձայնագրեր կնքել իրենց սեփական բեռնարկղերի համատեղ օգտագործման մասին:
5. Պայմանավորվող կողմերը կառաջարկեն իրենց երկաթուղային ադմինիստրացիաներին և ծովային ընկերություններին համագործակցել ուղեկցվող համակցված փոխադրումների նոր երթուղիների ստեղծման գործում (RO-LA և RO-RO):