Հոդված 59. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 59. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրաէներգետիկական համակարգում գործում են հետևյալ սահմանափակումները.
ա) երեք տարվա ընթացքում հանձնաժողովն իրավունք ունի սահմանել ներքին սպառման համար էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության և ներքին շուկայի համար գնման պարտադիր տարեկան քվոտաներ, որոնցով սահմանափակվում (արգելվում) է արտադրության առավել ցածր սակագին ունեցող արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի արտահանումը տարածաշրջանային շուկա.
բ) բաշխման լիցենզիա ունեցող անձին հինգ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի բացառիկ իրավունք (բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը).
գ) Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:
Սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո փոքր հիդրոէլեկտրակայաններից և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը:
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայից զրկված անձի կողմից սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նոր լիցենզիա ստանալու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության առաջին լիցենզիայի ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) 6-ամսյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշումներ, որոնք կանոնակարգում են հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար անհրաժեշտ ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքների տրամադրումը.
բ) մեկ տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան օրենքի նախագիծ:
3. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության և բնապահպանության նորմերի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները լիցենզավորված անձինք իրականացնում են հանձնաժողովի հաստատած փուլային ծրագրով և ժամանակացույցով: Հաստատված ծրագրի իրականացման ընթացքում դրանցում ներառված տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներից շեղումները չեն համարվում այդ նորմերի խախտումներ:
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնները և դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերը հանձնաժողովի կողմից մշակվում և ներդրվում են սույն օրենքի ընդունումից հետո` մեկ տարվա ընթացքում:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև իրավունք ունի երեք տարվա ընթացքում իր կողմից սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկին օրենքի համաձայն տրված գործունեության լիցենզիաներում:
6. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման և արտադրության ժամանակահատվածներում:
7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1997 թվականի հունիսի 9-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(59-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-526-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-117-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-86-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-98-Ն, 21.12.17 ՀՕ-262-Ն)
(59-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-100-Ն օրենքի 37-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.07.2018 թվականին:)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
21 մարտի 2001 թ.
ՀՕ-148