Հոդված 20.2. Մրցույթի արդյունքների ամփոփումը
Հոդված 20.2. Մրցույթի արդյունքների ամփոփումը
1. Մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով լիազոր մարմինը ստեղծում է մրցութային հանձնաժողով:
2. Մրցույթում հաղթող անձը որոշվում է մրցութային առաջարկությունների քննարկման արդյունքով` հետևյալ չափանիշների հիման վրա.
1) ընդերքօգտագործման ոլորտում հայտատուի նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձը, նախատեսվող ներդրումների ծավալը, իրականացվելիք աշխատանքների ժամկետները, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը.
2) մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները.
3) մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները.
4) մրցույթին չեն կարող մասնակցել սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետում նշված անձինք:
3. Մրցույթի արդյունքների ամփոփման կարգը սահմանում է մրցույթի կազմակերպիչը:
4. Մրցույթի մյուս մասնակիցների պահանջով 10-օրյա ժամկետում տրամադրվում է արձանագրության կրկնօրինակը:
5. Մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված անձի հետ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո՝ 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինը կնքում է նախնական պայմանագիր, որով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:
6. Մրցույթում հաղթող ճանաչված անձը նախնական պայմանագրով սահմանված ժամկետում դիմում է լիազոր մարմին՝ ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար՝ դիմումին կից ներկայացնելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը: Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 41-րդ հոդվածով սահմանված կարգով:
7. Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը բացասական է, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է մրցույթում հաղթող ճանաչված անձին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:
(20.2-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն, փոփ. 03.05.23 ՀՕ-151-Ն)