Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 7 · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 63. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների պետական հաշվառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 63. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների պետական հաշվառումը

1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետական հաշվառման:

2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պետական հաշվառման արգելվում է:

3. Օգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը և երևակումները ենթակա են պետական հաշվառման օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների կադաստրի ձևով:

4. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ձևավորվում է ընդերքօգտագործման ֆոնդ:

5. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ ընդերքաբանական փորձաքննության եզրակացությունը հիմք է դրանք պետական հաշվեկշռում հաշվառելու համար:

6. Պետական հաշվեկշռում հաշվառված օգտակար հանածոների պաշարները ենթակա են դուրսգրման, եթե դրանք`

1) արդյունահանվել են.

2) կորսվել են արդյունահանման ընթացքում.

3) տեխնիկական պատճառներով կորցրել են արդյունաբերական նշանակությունը.

4) չեն հաստատվել լրացուցիչ երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքում:

7. Օգտակար հանածոների պաշարների վերահաստատման արդյունքում պետական հաշվեկշռում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

8. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանը, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը և հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրը վարում է լիազոր մարմինը` կառավարության սահմանած կարգով:

9. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է դրանց հաստատված պաշարների և սահմանված կարգով ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա: Այն պետք է ներառի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարունակվող բոլոր տեսակի հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական ձեռնարկության ուսումնասիրված և նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:

10. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրը վարվում է լիազոր մարմնում կուտակվող տեղեկատվության հիման վրա: Այն ներառում է տվյալներ, որոնք բնութագրում են յուրաքանչյուր հանքավայրի և երևակման երկրաբանական կառուցվածքը, դրանցում պարունակվող օգտակար հանածոների ուսումնասիրված, գնահատված, նախնական գնահատված պաշարները և կանխատեսումային ռեսուրսները, հանքավայրերի շահագործման լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական և այլ պայմանները, ինչպես նաև երկրաբանատնտեսագիտական գնահատականը:

(63-րդ հոդվածը փոփ. 25.05.22 ՀՕ-143-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։