Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 58.1. Հանքի փակման ծրագիր ներկայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58.1. Հանքի փակման ծրագիր ներկայացնելը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ դիմում է լիազոր մարմին՝ հանքի փակման ծրագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության ենթարկելու համար։

2. Դիմումին կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`

1) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են`

ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարված ռեկուլտիվացման աշխատանքները,

գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթներ,

դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.

2) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը.

4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:

3. Հանքի փակման ծրագրի ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7-րդ և 9-րդ մասերով սահմանված կանոնները։

4. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում որոշում է ընդունում հանքը փակելու վերաբերյալ, որը ներառում է հանքի փակման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն։

5. Փորձաքննական բացասական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հանքի փակման ծրագիրը վերադարձնում է ընդերքօգտագործողին։ Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին է ներկայացնում հանքի փակման նոր ծրագիր` սույն հոդվածով սահմանված կարգով:

(58.1-ին հոդվածը լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)

(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։