Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 45. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները

1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության գործունեության հետ կապված խախտումների մասին բավարար տվյալների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության դատախազության, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային մարմինների և սահմանապահ ծառայությունների պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների շրջանակներում իրավունք ունեն՝

1) ստուգել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների արտադրության և պատրաստման ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված կանոններին, անհրաժեշտության դեպքում վերցնել նմուշներ համեմատական հետազոտություն կատարելու համար.

2) կնքել համապատասխան շինությունները և պահանջել ներկայացնել փաստաթղթեր և տալ բացատրություններ.

3) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության գործունեության տեսակների թույլտվություն ունեցող կազմակերպություններին տալ պարտադիր կատարման հանձնարարականներ՝ հայտնաբերված խախտումների վերացման համար:

2. Նախաքննություն և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների պաշտոնատար անձինք, քննիչները կամ դատախազները հանցագործության առկայության դեպքում կարող են՝

1) մուտք գործել ձեռնարկատիրական և աշխատանքային այլ գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող տարածքներ (բացի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկների տարածքներից և նրանց ծառայողական տրանսպորտային միջոցներից), գույքի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կամ նրա լիազորած անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում նաև պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ կատարել զննություն (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները), արձանագրությամբ առգրավել իրավախախտման փաստին անմիջականորեն առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, հումքի և արտադրանքի նմուշներ, կնքել փաստաթղթերի, դրամի և ապրանքանյութական արժեքների պահատեղերը.

2) պահանջել և ստանալ պաշտոնատար ու նյութական պատասխանատու անձանցից տեղեկություններ և բացատրություններ իրավախախտման փաստի վերաբերյալ.

3) պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.

4) կասեցնել իրավախախտում թույլ տված անձանց գործողությունները:

3. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության գործունեության հետ կապված խախտումների հայտնաբերման դեպքում նշված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ, իսկ վարչական իրավախախտման կամ հանցագործության առկայության դեպքում անհրաժեշտ նյութեր տրամադրել համապատասխան մարմիններին:

4. Սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձինք պարտավոր են միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված հայտնաբերված վարչական իրավախախտումների և հանցագործությունների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

(45-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 09.06.22 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։