Անցնել բովանդակությանը
Գլուխ 5.1 · (գլուխը լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)

Հոդված 45.6. Արտադրական կանեփի արտադրության և ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզավորման առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45.6. Արտադրական կանեփի արտադրության և ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզավորման առանձնահատկությունները

1. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմինը:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիաները տրվում են մինչև տասը տարի ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգով արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի ֆինանսական և գույքային վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաև այլ պահանջներ:

4. Անձը կարող է զբաղվել արտադրական կանեփի հետ կապված գործունեությամբ միայն այն դեպքում, եթե դիմել է արտադրական կանեփի հետ կապված գործունեության տեսակների լիցենզիա ստանալու համար և օրենքով սահմանված կարգով ստացել է այդ լիցենզիան՝ անկախ այլ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ պրեկուրսորների հետ կապված գործունեության լիցենզիա ունենալու հանգամանքից:

5. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիայի ստացման համար դիմողը պարտավոր է բացահայտել և լիցենզիա ստանալու հայտի հետ լիցենզավորման կարգով սահմանված ձևով ներկայացնել փոխկապակցված անձանց և իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

6. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք կամ փոխկապակցված անձինք, իրական շահառուները կամ արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ընթացքում կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք (այսուհետ՝ աշխատակից), որոնք՝

1) դատապարտվել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, կամ ենթարկվել են պատասխանատվության այդպիսի վարչական իրավախախտման համար.

2) ունեն թմրաբանական հիվանդություններ:

7. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների անձնագրային տվյալները, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու և թմրաբանական հիվանդությունների բացառման վերաբերյալ տեղեկությունները:

8. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրաբանական հիվանդությունների առկայությամբ անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ: Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ:

9. Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը: Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաև լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը ստացված հայտերը և կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ պետական մարմիններ: Շահագրգիռ պետական մարմինները, ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը իրենց լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով, ներկայացնում են դրանց վերաբերյալ դիրքորոշում:

11. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի, տվյալ տնտեսական գործունեության քողի տակ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման, ինչպես նաև տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման, թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով, և ներկայացնում համապատասխան դիրքորոշում:

12. Ներքին գործերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված անվտանգության ապահովման պլանը և ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշում:

13. Էկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը, կից փաստաթղթերը և ներկայացնում դիրքորոշում արտադրական կանեփի բույսերի սորտերի, արտադրական կանեփի (սերմերի, մայր բույսերի, կտրոնների) մշակության առանձնահատկությունների և արտադրատեսակների քանակի վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կանեփի արտադրության գործընթացների իրականացման համար նախատեսված համապատասխան տարածքների հիմնական պահանջները, որոնց լրացուցիչ չափանիշները կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը:

15. Լիցենզիայի գործողությունը կարող է սկսվել լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից հետո՝ երկու տարվա ընթացքում: Հայտատուն լիցենզավորման հայտ ներկայացնելիս կարող է հայցել մինչև երկու տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կառույցները կառուցելու համար:

16. Եթե երկու տարվա ընթացքում լիցենզիա ստացած անձը չի ներկայացնում վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ այդ տարածքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին, ապա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հիմքով լիցենզավորող մարմինը լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում՝ անկախ տվյալ լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու հանգամանքից:

(45.6-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-214-Ն, խմբ., փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-237-Ն)

(26.06.23 ՀՕ-237-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։