Հոդված 45.8. Պետական վերահսկողությունը արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում
Հոդված 45.8. Պետական վերահսկողությունը արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում
1. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման և օրինական շրջանառության կարգավորման նպատակով սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը:
2. Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով:
3. Տեսչական մարմինն ստուգումները և ուսումնասիրություններն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Տեսչական մարմինն իրականացնում է նմուշառում և փորձաքննություն արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով:
5. Տեսչական մարմինը վերահսկողության շրջանակներում փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած լաբորատորիայում մինչև տեսչական մարմնի կողմից լաբորատոր կարողությունների ձևավորումը:
6. Տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելիս համագործակցում է այլ պետական մարմինների հետ և, ըստ անհրաժեշտության, վերահսկողության ընթացքում կարող է հրավիրել այլ պետական մարմինների ներկայացուցիչների: Տեսչական մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է վերահսկողական աշխատանքներին ներգրավել փորձագետների և մասնագետների:
7. Լիցենզիայի պահանջները խախտելը, ինչպես նաև տեսչական մարմնի տված կարգադրագրերը չկատարելը հիմք է տեսչական մարմնի կողմից լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու համար:
8. Վերահսկողության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողը վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով պարտավոր է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները և այլ տեղեկություններ, ինչպես նաև չխոչընդոտել վերահսկողության ընթացքը, կատարել վերահսկողություն իրականացնող անձանց օրինական պահանջները: Տեսչական մարմնի գործողությունները խոչընդոտելը ենթակա է անհապաղ վերացման Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
9. Արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտում ապօրինի շրջանառության կանխարգելման նկատմամբ հսկողություն իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ մարմիններ՝ իրենց իրավասության շրջանակում:
10. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային և հարկային մարմինները տրամադրում են վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
11. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտները լիցենզավորման կարգով սահմանված տարածքներում պետք է ապահովեն տեսաձայնագրող սարքերի առկայությունը, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերի ձայնագրությունների պահպանումն առնվազն վեց ամիս ժամկետով՝ վերահսկողության շրջանակներում վերահսկողություն իրականացնող պետական մարմինների պահանջով այն ներկայացնելու համար:
(45.8-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-237-Ն)
(26.06.23 ՀՕ-237-Ն օրենքն ունի անցումային դրույթ)