Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը
Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը
1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:
2. Կառավարչի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով և կանոնադրությամբ՝ հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի:
Կառավարիչը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:
Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:
Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:
3. Կառավարիչը`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի.
4) տալիս է լիազորագրեր.
5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատակիցներին.
10) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
Կանոնադրությամբ կարող են սահմանվել կառավարչի նաև այլ իրավասություններ:
4. Կառավարիչն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
5. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել կառավարչի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով: